Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

«Փառատոնը նմանը չունեցող մեծ իրադարձություն է». Մանսուրյան

00:40, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
«Փառատոնը նմանը չունեցող մեծ իրադարձություն է». Մանսուրյան

Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Երաժշտական այս մեծ տոնին նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց‚ որ փառատոնը բացառիկ է. «Լավագույն կոմպոզիտորները‚ որոնց հետևում է աշխարհը‚ գալու են Հայաստան։ Հայաստանում կհամախմբվեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաև մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Ամեն օր ունկնդիրներին սպասվում են նոր ծրագրեր‚ մեծահամբավ մենակատարներ։ Կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն և բազմաթիվ այլ երաժիշտներ»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Նոյեմբերի 1-ին փառատոնը մեկնարկելու է Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով։ Մենակատարներ՝ ֆրանսահայ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և իտալացի մեծագույն թավջութակահար Մարիո Բրունելոն‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարեն Մանսուրյանի կոնցերտները։ Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշեց‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նմանը չունեցող մեծ իրադարձություն է. «Մենք մեծ բովանդակություն ունեցող համերգային փառատոնի նախաշեմին ենք։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմը ինձ հիացնում է աշխատանքի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով։ Երաժիշտը‚ որ նվագում է բեմում‚ իր թիկունքին պետք է ունենա կազմակերպիչ ուժ‚ որը կորոշի գեղարվեստական որակը նույնպես՝ նոտագրություն‚ խմբագրական աշխատանք և այլն։ Պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի փառավոր այդ կազմը։ Ուրախ եմ‚ որ իմ ստեղծագործությունները կներկայացնեն Շուշան Սիրանոսյանը‚ որը ջութակի մեծ վարպետ է‚ և թավջութակահար Մարիո Բրունելոն։ Ես հիացած եմ Մարիո Բրունելոյի կատարմամբ‚ քանի տարի է‚ սպասում եմ‚ որ առիթը ստեղծվի‚ և գա Հայաստան։ Վերջապես նա ժամանում է Հայաստան։ Մեծագույն թավջութակահար է։ Խորապես շնորհակալ եմ‚ որ կոմպոզիտորական արվեստի հսկաների հետ հանդես եմ գալիս փառատոնի շրջանակներում՝ ներկայացնելով Հայաստանը»‚- ասաց մաեստրո Մանսուրյանը։ Տիգրան Մանսուրյանը կարևորեց նաև Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի‚ նրա նախագահ Կոնստանտին Իշխանովի ներդրումը փառատոնի կազմակերպման և հայկական երաժշտության պրոպագանդման գործում։ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն ընդգծեց‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի առանձնահատկությունն այն է‚ որ հայ երաժշտասերները ոչ միայն կարող են ունկդրել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ այլև անձամբ ծանոթանալ նրանց հետ։ «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ամբողջ աշխարհում իրականացնում է մեծաթիվ փառատոներ‚ համերգներ‚ վարպետության դասեր‚ և ինձ շատ հաճելի է‚ որ այդ միջոցառումներից շատերը սերտորեն կապված են Հայաստանի հետ։ Հուսով եմ‚ որ հիմնադրամի համագործակցությունը Հայաստանի հետ լինելու է շարունակական։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին աջակցություն ցուցաբերելու համար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կազմակերպման համար։ Կարծում եմ‚ որ հանդիսատեսը կգնահատի մեր համատեղ աշխատանքի պտուղները համերգների ընթացքում»‚- ասաց պարոն Իշխանովը։ Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։

| | |
1654 | 0
Facebook
COMMENT.am