Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Պետք է լինի մի բարոյական կարմիր գիծ, որից այն կողմ անցնելը տգեղ է». Նաիրա Զոհրաբյան

23:25, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
«Պետք է լինի մի բարոյական կարմիր գիծ, որից այն կողմ անցնելը տգեղ է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «168 TV»-ի եթերում ասել է, որ միանում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի տարածած հայտարարությանը, որով նա իր մտահոգություններն է հայտնել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ:

«Քաղաքական ցանկացած փորձ՝ լուծելու ՍԴ-ում ստեղծված իրավիճակը, շատ ավելի է խորացնելու առկա ճգնաժամը և շատ ավելի կոշտ գնահատականների է արժանանալու միջազգային կառույցների կողմից։ Էնպես չէ, որ Հրայր Թովմասյանը մեր երազանքների գործիչն էր, եթե այդպես լիներ, երբ առաջադրվեց ՍԴ անդամի պաշտոնում, նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը դեմ չէր քվեարկի նրա թեկնածությանը, սակայն այսօր մեզ չներկայացվեց մի իրավական փաստարկ, որ որպես ՍԴ նախագահ՝ գերազանցել կամ չի կատարել իր լիազորությունները։

Մենք չենք միջամտելու Սահմանադրական դատարանում ստեղծված թնջուկին, որովհետև գտնում ենք, որ ՍԴ-ն չպետք է լինի որևէ մեկի կրունկի տակ, եթե լինելու է իշխանության կրունկի տակ, ապա ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ այդ կրունկը կլինի Ռոբերտ Քոչարյանի՞նը, Սերժ Սարգսյանի՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանինը»,- ասել է Զոհրաբյանը:

Անդրադառնալով Արա Բաբլոյանի շուրջ տեղի ունեցող դեպքերին՝ պատգամավորն ասել է. «Արա Բաբլոյանը Հայաստանի անկախությունից հետո միակ պաշտոնյան է, որին առաջադրվել է նման ծանր մեղադրանք՝ իշխանության զավթում, որը նախատեսում է 15 տարի պատժաչափ։ Նման մեղադրանքի դեպքում պետք է ներկայացնեին երկաթյա հիմնավորումներ։ Արա Բաբլոյանի հետ կապված կուզեմ անդրադառնալ նաև մեկ բարոյական խնդրի. կարծում եմ՝ բոլորիս համար պետք է լինի մի բարոյական կարմիր գիծ, որից այն կողմ անցնելը տգեղ է։ Ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ 10 տարեկան երեխային վիրահատող բժշկին կտրեցին վիրահատությունից և տարան հարցաքննության։ Այդ վիրահատությունը շատ աննախադեպ էր, իսկ ի՞նչ կլիներ, եթե Արա Բաբլոյանը հաջորդ օրը ներկայանար ՀՔԾ՝ ցուցմունք տալու։ Կարծում եմ ՝ էստեղ կան որոշակի արգելակներ, որոնց բացակայությունը վնասելու է այն մարդկանց, որոնք չունեն ներքին բարոյական արգելակներ, թեև պետք է ունենային։ Չգիտեն՝ է՞լ ինչ անեն, գործող իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Պետք է լինի մի բարոյական կարմիր գիծ, որից այն կողմ անցնելը տգեղ է». Նաիրա Զոհրաբյան
| | |
2314 | 1
Facebook
COMMENT.am