Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել և ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող». Վազգեն Մանուկյան

16:50, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
«Ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել և ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող». Վազգեն Մանուկյան

«Ոմանք ասում են, թե մինչև ապրիլի 4-ը չեն կարող ինձ ՀԽ նախագահի պաշտոնից հեռացնել, սակայն դա նշանակություն չունի: Ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, և նույն պահին ես դուրս կգամ: Հնարավոր է՝ մոտակա օրերին կազմակերպեմ մի հանդիպում, միասին քննարկենք՝ իմաստ ունի՞, թե՞ ոչ». հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր՝ ՀԽ ղեկավարի պաշտոնից հեռանալու թեմային:

Վ.Մանուկյանը նկատեց, որն ինքը ժամանակին համաձայնել է լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում կսկսվեն նոր բարեփոխումներ, երկիրը կգնա առաջ, և ինքը կարող է այդ գործում օգտակար լինել:

«Հիմա ես տեսնում եմ, որ երկիրն այդ ճանապարհով չի գնում: Ինչպես անհամապատասխանություն կա Հայաստանի և արտաքին աշխարհի դեպքում, նույնպիսի անհամապատասխանություն կա խոստումների ու հույսերի միջև, որոնք մեր ժողովուրդը կապում էր իշխանափոխության հետ»,- գնահատեց բանախոսը:

Այն հարց-դիտարկմանը, թե ինքը որպես Հանրային խորհրդի նախագահ պահպանո՞ւմ է քաղաքական չեզոքությունը, Վ.Մանուկյանն ասաց, թե իր բոլոր ելույթները քննադատության հետ պարունակում են նաև խորհուրդ:

«Երբ ասում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, և ես հասկանում եմ, որ դա հակասում է ընդհանուր մեր քաղաքականությանը և ինչպես կընկալվի աշխարհում, ես հոդված եմ գրում, բացատրում եմ՝ ինչպես է պետք անել: Ես գտնում եմ, որ դա տեղավորվում է Հանրային խորհրդի աշխատանքների մեջ»,- նշեց ՀԽ նախագահը:

Վ.Մանուկյանը չհերքեց, որ վարչապետ Ն.Փաշինյանն իրեն առաջարկել է Արցախի կարգավորման հարցով քննարկում կազմակերպել, բայց այն տեսանկյունից, որ ամեն բան սկսվում է զրոյից:

«Ես ասացի, որ այդ հարցերի պատասխանները մեր ժողովուրդն արդեն տվել է՝ պատերազմին մասնակցելով, ընտրություններով: Հիմա մնում է լուծումների հարցը: Բայց մենք Հանրային խորհրդով լուծում առաջարկել չենք կարող: Կարող ենք քննարկել, քննարկումից վնաս չկա, բայց լուծում տալ չենք կարող: Լուծումը պետք է լինի բանակցությունների ժամանակ, վարչապետը պետք է գա ինչ-որ եզրակացության, որ սկսի խորհրդակցել՝ այդ լուծումը բավարա՞ր է մեր ժողովրդի համար, թե՞ ոչ»,- նշեց ՀԽ նախագահը:

3347 | 0
Facebook