Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

12:30, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ. «Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։

Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, ովքեր նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին և բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը։ Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ և նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը և կենսունակությունը»:

10281 | 0
Facebook