Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ո՞ւմ է ձեռնտու Սարի թաղն սպասարկող 13 համարի երթուղու՝ շահագործումից դուրս գալը

15:40, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Ո՞ւմ է ձեռնտու Սարի թաղն սպասարկող 13 համարի երթուղու՝ շահագործումից դուրս գալը

Լուրը չի համապատասխանում իրականությանը, թե նոյեմբերի 1-ից Սարի թաղն սպասարկող 13 համարի ավտոբուսային երթուղին դադարելու է գործել. MAMUL.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե Սարի թաղի 9 համարի երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդների «ջանքերի շնորհիվ», նոյեմբերի 1-ից 13 համարը դադարեցնելու է իր սպասարկումը:

Սարիթաղցիները դիմել են խմբագրություն՝ խնդրելով հստակեցնել հարցը:

«Շարժակազմի թարմացման հետ կապված կա որոշակի տեխնիկական վերազինման խնդիր, բայց բոլոր դեպքերում, եթե դա տեղի ունենա էլ, գիծն առանց սպասարկման չի մնա: Էս պահի դրությամբ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,- վստահեցրեց քաղաքապետարանի մեր զրուցակիցը:

Բնակիչների խոսքով 9 համարի երթուղու վարորդներն, ի սկզբանե, դեմ են եղել 13 համարի երթուղու՝ Սարի թաղում սպասարկմանը: Այժմ էլ ամեն ինչ անում են, որպեսզի վերջինը դուրս գա գծից: Բնակիչների պնդմամբ, 9 համարի բոլոր ավտոբուսները ծայրահեղ վատթար վիճակում են, անսարք, հնամաշ: Բնակիչները տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի փոխվեն երթուղայինները: «Եթե այս ավտոբուսը դադարեցնի սպասարկումը, մենք բողոքի ակցիա կանենք և կստիպենք հարգել մեր իրավունքները: Ոչ ոք առանց մեր կարծիքը հարցնելու իրավունք չունի նման որոշում կայացնել»,- վրդովված ասում էին խմբագրություն դիմած քաղաքացիները՝ նշելով, որ ստորագրահավաք են սկսել:

Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ 13 համարը փրկության պես մի բան է դարձել սարիթաղցիների համար: Հիշեցնենք, որ սույն ավտոբուսն ապահովում է տվյալ տարածքից տրանսպորտային անմիջական հաղորդակցությունը դեպի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ։

Հիշեցնենք նաև, որ MAMUL.am-ը բազմիցս անդրադարձել է Սարի թաղի տրանսպորտային խնդրին և հարցի կարևորությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում:

| | |
2803 | 0
Facebook
COMMENT.am