Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օր առաջ պետք է մերժվի այն իշխանությունը, որի օրոք այս ամենը տեղի է ունենում մեր դրախտային հայրենիքում». Սոնա Աղեկյան

13:20, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Օր առաջ պետք է մերժվի այն իշխանությունը, որի օրոք այս ամենը տեղի է ունենում մեր դրախտային հայրենիքում». Սոնա Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան»-ի ներկայացուցիչ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը կրկին բողոքում է կառավարական ամառանոցին գումարներ տրամադրելու դեմ: Նա հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ կառավարությունը 387 միլիոն դրամ սուբսիդիա է տրամադրել կառավարական ամառանոցի կոմունալ վարձերի մարման նպատակով, ևս 2 միլիոն դոլարին համարժեք դրամ էլ հատկացրել ամառանոցի նորոգմանը, որպեսզի այնտեղ բնակվեն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:

«Նրանք այդ գումարները պետք է ուղղեին որևէ արտադրություն հիմնելուն, գործարան բացելուն, որպեսզի մարդիկ աշխատանք ունենային: Այս գումարների մի մասը կարելի էր ուղղել ոչ թե կենսաթոշակների 10, այլ 30-40 տոկոս բարձրացմանը: Սա հանցագործություն է»,- ասաց Ս.Աղեկյանը:

Նա պնդեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի Ն.Փաշինյանն ու Ա.Միրզոյանն այնտեղից դուրս գան: Ավելին՝ իրենք նախագիծ են կազմել, որով Ձորափի 74 հասցեի ամառանոցի շենքը ծառայի որպես կրթամշակութային կենտրոն: Ս.Աղեկյանի կարծիքով՝ երկիրը սիրող իշխանությունը պետք է հասկանա, որ ոչ թե իր բարեկեցությունն է առաջնային, այլ կենսաթոշակառուի, առողջական խնդիր ունեցողի:

Ինչ վերաբերում է վերոնշյալ պաշտոնյաների անվտանգության պահպանմանը, Ս.Աղեկյանը նկատեց, որ Ն. Փաշինյանի ու Ա.Միրզոյանի անվտանգությունը կարելի է ապահովել նաև իրենց իսկ բնակարաններում:

Այս խնդրով մտադիր են չորեքշաթի ավտոերթ անցկացնել, իսկ հինգշաբթի՝ բողոքի ակցիա կառավարության դիմաց:

Բանախոսը համայնքի բյուջեի մսխում համարեց նաև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները: Նրա գնահատմամբ՝ քաղաքը տոնի ոգով չէր շնչում:

10126 | 2
Facebook