Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի՛ արեք այդ էժան քայլերը, մի՛ փորձեք ինձ սպառնալ». Ռուբեն Հայրապետյան

22:45, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Մի՛ արեք այդ էժան քայլերը, մի՛ փորձեք ինձ սպառնալ». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրեական գործ «պատվիրելու» տապալված փորձից հետո քաղաքական հեքիաթներ են հորինվում. ուրիշ ի՞նչ անհաջող գաղափարներ կան:

Վերջին օրերի ընթացքում նկատում եմ, թե ինչպես են հովանավորչական և ընտանեվարական կապերով մի փոքր խումբ մարդիկ, ոտնահարելով հեղափոխության արժեքները, համատեղ ջանքերով տարբեր հարթակներում փորձեր կատարում իմ անվան շուրջ կեղծ քաղաքական «մոտիվներ» ստեղծել՝ շատ լավ իմանալով, որ դա սուտ է: Հատկապես ծիծաղելի է, երբ այդ գործով զբաղվում են նրանք, ովքեր խմբավորվել են հենց անձնական-քաղաքական շարժառիթներով և միմյանց աջակցելով հետապնդում են նեղ խմբային շահեր, ինչի մասին գրեթե բոլորը գիտեն: Ինձ համար անգամ տհաճ է այդ ամենի մասին ավելի մանրամասն խոսելը, և դա իմ ոճը չէ: Լա՛վ, բայց այդքա՞ն մեծ ցնորք, քաղաքակա՞ն, և դա դո՞ւք եք ասում:
     Այդ մարդկանց ուղեղում չի տեղավորվում նաև, թե ինչպես կարող են ուսանողներն ու շրջանավարտներն այսքան երկար և անշահախնդիր պայքարել: Հետևաբար՝ փորձում են նաև նրանց պայքարն արատավորել՝ խեղաթյուրված տեղեկատվություն տարածելով: Ես երբե՛ք չեմ լքելու ու հիասթափեցնելու այս ֆանտաստիկ ուսանողներին, ճիշտ այնպես, ինչպես իրենք ինձ չեն լքում:
     Ակնհայտ է, որ, հակափաստարկներ չունենալով արդարության համար պայքարող մարդկանց պնդումներին, հայտնվելով փակուղու մեջ, հասկանալով, որ, ի հեճուկս իրենց հույսերի, ուսանողներն ու շրջանավարտները չեն լռում, և չիմանալով, թե ինչ պատասխանել, փորձում են քողարկել իրական խնդիրը, ստեղծագործել նոր «խնդիրներ» և մարդկանց ուշադրությունը շեղել բուն թեմայից:
     Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ էժան քայլերը, դրանցով դուք ուսանողներին ավելի շատ եք հիասթափեցնում, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ, ինքներդ ձեզ եք մատնում և ձեր շարժառիթները բացահայտում: Եթե նման ճղճիմ սպառնալիքներն ինձ վրա ազդելու լինեին, ես երբեք չէի սկսի համալսարանի բարեփոխումների այդ ծանր, ռիսկային և անշնորհակալ գործընթացը. գոնե այդքանը հասկացեք և իզուր մի՛ ցնցվեք: Վնասել, իհարկե, կարող եք, դա ձեզ մոտ լավ է ստացվում, այդ ուղղությամբ աշխատեք: Բայց ինձ կոտրելու կամ վախեցնելու մասին մոռացե՛ք:
     Իսկ ավելի լավ է ձեր անմիջական գործով զբաղվեք և փորձեք օգուտ տալ հանրությանը: Այդ դեպքում ձեզ համար ևս առանց քաղաքական շարժառիթների պայքարողներ, միգուցե, կգտնվեն, և այդքան չեք զարմանա:

Հ.Գ.
     Վստահ եմ, որ նոր Հայաստանում այսպիսի նեղ խմբային արշավները մերժվելու են մեր գործընկերների մեծամասնության կողմից, և դրանց շուտով տրվելու է պատշաճ գնահատական»:

5362 | 0
Facebook