Վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տվել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման փաստին. «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները. ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով: Հիշեցնենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո: Անհեթեթ ենք համարում նաև այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետև, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել: Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են»: |