Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավրորա» ֆորումի շաբաթն ամփոփվեց Տաթևի վանական համալիրում

13:40, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ավրորա» ֆորումի շաբաթն ամփոփվեց Տաթևի վանական համալիրում

2008-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական ազգային դպրոցի 150-ամյա հարուստ ավանդույթները և մեծարելով հայ ականավոր երգահան, ուսուցիչ, խմբավար վարդապետ և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին:

Ձիթhանում ներկայացված էր «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որտեղ ներառված էին Կոմիտասի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարները և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութերը:

Ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ:

«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվել է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-ասում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Տաթևի վանական համալիրի թանգարանային հատվածում, որտեղ IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերջերս ավարտվել են վերականգման աշխատանքները, ներկայացված էր ծագումով սյունեցի նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը: Գեղանկարների և քանդակների միջոցով արվեստագետներն արտահայտել էին իրենց անսահման սերը դեպի հայրենիք:

«Այս ցուցահանդեսը մի փոքր առանձնանում է օրվա թեմատիկայից, բայց մեր այսօրվա հերոսը Կոմիտասն է, ով արտացոլում է մեր անցյալը, մեր արմատները, և այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է մեր հոգևոր ներկան: «Տաթևի վերածնունդ» ծրագրի շնորհիվ, այսօր վանքը կրկին ձեռք է բերում իր նախկին տեսքն ու խորհուրդը»,-ասում է քանդակագործ Մանվել Մաթևոսյանը:

Մասնակիցների կարծիքով՝ այս միջոցառումները ցույց են տալիս, որՏաթևը, լինելով միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրոնականև լուսավորչական կենտրոններից մեկը, վերականգնում է իր հոգևոր, կրթական և մշակութային դիմագիծը:

Ցուցահանդեսներից բացի, Տաթևում ներկայացված էին վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից ընթացող վերականգման և շինարարական աշխատանքների ընթացքում: Խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր, 18-րդ դարի պնակներ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին և վանքի 1304 թ.-ի պատմական զանգը: Ցուցանմուշների մեջ ներկայացված էին նաև Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ:

Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, «Հովեր» երգչախումբը կատարեց հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, որը համարվում է Վարդապետի ստեղծագործությունների գլուխգործոցը:

«Կոմիտասը արեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք: Նա լսեց Հայաստան աշխարհի երաժշտության առանձնահատկությունը, հավաքագրեց, ուսումնասիրեց, կատարեց և փոխանցեց մեզ: Մեր գործը նրա ժառանգության արժեքը գիտակցելն է: Մեր գործը նրան հնչեցնելն է: Այդ առաքելությունը պարգև է»,- ասում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

7834 | 0
Facebook