Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը «զավթիչներ» տերմինը մեզ կպցնելու համար շատ երկար է խորհրդակցել Թուրքիայի հետ». Կ. Հովհաննիսյան

19:30, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
«Ադրբեջանը «զավթիչներ» տերմինը մեզ կպցնելու համար շատ երկար է խորհրդակցել Թուրքիայի հետ». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե որևէ մեկին թվում է, թե Սիրիայում կատարվող ռազմական գործողությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, եթե որևէ մեկին թվում է, թե այնտեղ կոտորվում են մարդիկ, որին արժանի են, ապա, մեղմ ասած, ես ապշած եմ:
     Թուրքիայի վարած զավթողական քաղաքականությունը, հարևան երկրների նկատմամբ տարածքային ակնկալիքներն այսուհետ բացահայտ են: Թուրքիան այլևս չի թաքցնում, որ ինքը տարածաշրջանում փորձում է ստեղծել պետություն, որի մեջ ներառված կլինեն այնպիսի տարածքներ, որոնք մինչ այդ խանգարել են նրա սահմանների ընդլայնմանն ու պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը: Եթե Թուրքիան ինչ-որ կազմավորումների համարում է ահաբեկչական խմբավորումներ և այդ տարածքներից վտարում բնակիչ տղամարդկանց, ապա ի՞նչ է մնում անել կանանց ու երեխաներին, իհարկե՝ հեռանալ: Եթե Թուրքիան Սիրիայում է այսօր իրականացնում այդ գործողությունները, դրանց ավարտից հետո նա հայացքը դեպի Իրաք է ուղղելու... Թուրքիան մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցելու, իսկ մենք արդեն գիտենք, թե ինչ եղավ, երբ նա 911 կմ-ոց սիրիական սահմանին պատ կառուցեց... Թուրքիայի ցանկացած զավթողական քաղաքականությունն ուղիղ գծով մեզ համար վտանգավոր է, մեզ համար մտածելու տեղ է տալիս: Ու երբեք չասենք, որ ռուսական զորքն է կանգնած սահմանին, քանի որ Սիրիայում նույնպես կար և՛ ռուսական, և՛ ամերիկյան զորք... Միգուցե ուղիղ չլինի այդ սպառնալիքի իրագործումը, այլ լինի միջնորդավորված, բայց այն մեզ համար վտանգավոր է: Ադրբեջանը այդ զավթիչներ տերմինը մեզ կպցնելու համար շատ երկար է խորհրդակցել Թուրքիայի հետ...»:

2971 | 0
Facebook