Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ

09:05, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.
Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ

2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։

Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։

Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում:

2041 | 0
Facebook