Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանդիսատեսին իր հետ դուրս է բերում բանտից, տանում դեպի մաքրագործում». Հ. Երեմյան

17:35, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«Հանդիսատեսին իր հետ դուրս է բերում բանտից, տանում դեպի մաքրագործում». Հ. Երեմյան

Արձակագիր Հովհաննես Երեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Չգիտեմ, թե ինչպես օգտակար լինեմ ընկերոջս, որին ճակատագիրն ու անհոգի հանրությունը սպանում է՝ կարեկցողի ու օրինապահության դիմակ հագած: Վարդանի վիճակը նաև երկրի փորձությունն է: Քեզ հույս ու ժպիտ բերելու Վարդան Պետրոսյանի տասնամյակների ճիգի ու անձնվիրության առաջ երախտամոռ մի եղիր, երկիր: Քո չեղած արդարադատությունը եղած ցույց տալու բազմաթիվ առիթներ ես ունեցել ու կորցրել, արդարադատության թատրոն մի սարքիր քո ամենաարժանավոր զավակներից մեկի գլխին»:
     Այս տողերը մամուլում տպագրված իմ հոդվածից են, որ գրել էի ողբերգական ավտովթարից օրեր անց, երբ արդեն պարզ էր, որ բոլորը՝ երկրի առաջին դեմքից մինչև ՃՈ քննիչ, Արդարադատության նախարարից մինչև դատախազություն ու դատավորներ դերասանություն են անում, օրինապաշտ ու արդարադատ ձևանում, որ պատժեն,կոտրեն, ընկճեն ըմբոստ ու ազնիվ արտիստին: Վեց տարի է անցել: Վարդան Պետրոսյանը կրկին բեմում է, իսկ ներկայացման թեման մի կողմից իր անձնական ու մարդկային ողբերգությունն է, մյուս կողմից հենց այն «արդարադատության» մանրամասները, որով բարոյական խոշտանգման էր ենթարկվում դերասանը:
     Տասը օր է անցել, որ տեսել եմ Վարդանի վերադարձի ներկայացումը, բայց գրել տպավորություններիս մասին չեմ կարողանում: Այս ներկայացումը որոշ իմաստով նման է նրա «Վերելքին», որի թեման Հայոց ցեղասպանությունն էր: Բայց եթե այնտեղ ազգային ողբերգությունն էր հումորի հետ թևանցուկ, այս մեկում՝ անձնականը: Գնացի դիտելու նրա «Իմ կիսատ թողած երգը» մտքիս «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանի մի նախադասությունը. «Դահլիճում բոլորը ծիծաղում էին, իսկ ես լաց էի լինում»: Մտահոգ էի, թե Վարդանը լացելու առիթ է դարձրել իր կրած տառապանքը՝ ֆիզիկական ու հոգեբանական: Փառք Աստծո, որ այդպես չէր: Իրականում մի քանի անգամ հուզմունքը բռնեց կոկորդս, բայց դրանց առիթն արդարադատության այն սոսկալի վիճակն էր, որ տիրում էր մեր երկրում: Ուզում եմ ասել, որ դերասանին հաջողվել էր իր փորձառությունը դարձնել ընդհանրական, դարձնել երկրինը: Պատահական չէ, որ մի քանի անգամ կրկնեց. «Աստված չանի, բայց դե մարդ ես, բոլորիս հետ էլ կարող է պատահել»:
     Հանդիսատեսին իր հետ բանտերի գարշահոտ միջանցքներով ու կեղծավոր, երեսպաշտ դատարաններով ման ածելուց հետո, արտիստը նրան չի թողնում անհուսության ու խավարի մեջ, իր հետ դուրս է բերում բանտից, տանում դեպի մաքրագործում: Նշանակում է արվեստը հաղթանակել է: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ նախ ինքը հաղթեր, հաղթանակած դուրս գար բոլոր փորձություններից, ճակատագրի ու մահկանացուների լարած թակարդներից: Նո՞ւյնն է Վարդան Պետրոսյանը: Այս հարցն էր տանջում բոլորից շատ: Այո, նույն է իր դրական անսահման էներգիայով, արտիստական զվարթ նկարագրով: Բայց և՝ նույնը չէ: Այսուհետ նրանից անբաժան է ավտովթարի երկու զոհերի համար ցավը, գուցե նաև՝ մեղքի զգացումը: Ավտովթար, որի համար ինքը մեղավոր չէր:

4811 | 0
Facebook