Խնդրում ենք սպասել...

Համացանց

«30 տարիների ստվերային կծիկը քայլ առ քայլ քանդվում է». Արման Բաբաջանյան

11:35, կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.
«30 տարիների ստվերային կծիկը քայլ առ քայլ քանդվում է». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակնամուտի խոհեր․․․ Հայաստանում հետաքրքիր ժամանակներ են: Անկախության շուրջ 30 տարիների անցուդարձը կարծես թե կծիկի նման քանդվում է սանտիմետր առ սանտիմետր: Այդ անցուդարձի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ իրադարձություններ, որոնք զգալիորեն պատված են մթության և խորհրդավորության քողով: Եղել են տարբեր կուլիսային համաձայնություններ, որոնք, ըստ էության, պատմական նշանակություն են ունեցել երկրի հետագա ընթացքի համար, սակայն այդպես էլ ընկալելի չեն եղել հասարակությանը և հանրության առաջ չեն դարձել հաշվետու: Այդ կուլիսային, ստվերային 30 տարիներն իրենց անբեկանելի հետքն են թողել Հայաստանի ներկայիս ճգնաժամային իրավիճակի վրա, որը կրում է համակարգային, համահասարակական, համապետական բնույթ:

Այս իրավիճակում հասել ենք մի կետի, երբ խորհրդավորության, 30 ստվերային տարիների կծիկը քայլ առ քայլ քանդվում է, ներկա և նախկին զինակիցներն սկսում են բացահայտել միմյանց գործողությունները` այս կամ այն նշանակալից ու պատմական դրվագի հետ կապված: Այդ ամենի մեջ, իհարկե, մեծ է նաև չափազանցության, ստի, կեղծիքի մասը, բայց այդ ամենով հանդերձ` պետք է մաքրվի ամբողջ ստվերը, որ կառուցվել է 30 տարի շարունակ և պատանդ վերցրել երկրի զարգացման ռեսուրսները: Այդ ամենի փակ մնալը նշանակելու է երկրի զարգացման հեռանկարի փակ մնալ, քանի որ այդ փակ համակարգը խորհրդավորության շնորհիվ շարունակելու է մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանն ու կառավարելի դարձնել նրան:

Այս վիճակից դուրս գալու համար այդ երեսուն տարիները պետք է բացահայտվի, և ներկայումս այն ինքնաբացահայտման ուղի է բռնել։ Այդ բացահայտման հոսանքը բարեբեր է Հայաստանի համար, որքան էլ որ հոսանքի հետ գան նաև նոր քարեր ու ցեխ: Դրանք մաքրելու են արդեն եղածն ու նստածը, իսկ նոր եկածը կմաքրի արդեն հասարակությունը, որովհետև նորը, որքան էլ շատ լինի, միևնույն է` անհամեմատելի է 30 տարիների ընթացքում կուտակվածի հետ: Այդ տարիներին այնքան բեռ է կուտակվել, այնքան աղբ, անպետքություն, որ ծածկել են անգամ անքննելի արժեքները՝ անկախությունը, պետականությունը, ազատությունը, Սահմանադրությունը: Այդ ամենը պետք է մաքրվի, ու կարծես թե սկսվել է այդ գործընթացը ու ծավալվում է լայն թափով:

Հանրությանը մնում է չխանգարել դրա ընթացքին, հետևել հետաքրքրությամբ, բաց չթողնել ոչ մի դրվագ, զուգահեռ նաև կառուցել իր համակարգը` պետությունը պահելու համար, հենց պարզվի, որ պետության տակ իրականում 30 տարի դատարկություն է գոյացել, որովհետև ոչ թե հենք է ստեղծվել, այլ կրել են այդ հենքը՝ սերմացու գողացող մկան նման, ինչպես կասեր Վարպետը»:

8947 | 0
Facebook