«Երևանցին նա է, ով սիրում է Երևանը հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման». Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երևանցիներին: «Սիրելի երևանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երեւանցիների մասին: Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երևանցին: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է՝ երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման: Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երևանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երևան: Ուզում եմ հա՛տկապես ողջունել Երևան եկած մեր սփյուռքահայ եղբայրներինմ ու խնդրել նրանց՝ հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաև Երևանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին: Շնորհավո՜ր, երևանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը»: |