Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Հայաստանին պակասում է կին վարչապետը, կին ԱԺ նախագահը»․ Մարիամ Փաշինյան

23:45, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայաստանին պակասում է կին վարչապետը, կին ԱԺ նախագահը»․ Մարիամ Փաշինյան

Digitain ընկերության շուկայի ուսումնասիրության և հանրային կապերի համակարգող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանն «Առաջին լրատվական»-ի եթերում խոսել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման, կառավարման համակարգի, քաղաքականության, կանանց իրավունքների և այլ թեմաների շուրջ:

Մարիամ Փաշինյանը նշել է, որ հայերը շատ ոլորտներում են տաղանդավոր, օրինակ, գինեգործության, հագուստի արտադրության և այլն, և այդ հարցում ՏՏ ոլորտը ևս բացառություն չէ:

«Դեռևս խորհրդային տարիներից Հայաստանը եղել է ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների կենտրոն, ճիշտ է, 90-ականերին ոլորտն անկում ապրեց տնտեսական պատճառներով, բայց հետո, երբ 2002-ին հիմնադրվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, այդ օրվանից ի վեր ՏՏ ոլորտը Հայաստանում միայն աճ է գրանցում»,-ասել է նա:

Փաշինյանը նշում է, որ ընտրել է ՏՏ ոլորտը, քանի որ այժմ այն ամենաթրենդային ոլորտն է և բացի այդ շատ հետաքրքիր է: Նա նշել է, որ հայկական իրականությունում սոցիալական ցանցերի բացասական դրսևորումներից են կեղծ լուրերը (Fake news). «Իմ կարծիքով սուտ լուրերն ունեն հատուկ համակարգողներ, հատուկ պատվիրատուներ: Ես կոնկրետ հեղիանկներին չեմ մեղադրում, որովհետև կարծում եմ, որ այդպես պարզապես փորձում են փող աշխատել սուտ լուրերի միջոցով: Իրենք ընդամենը լրատվական ոլորտի ճգնաաժամի զոհն են»,-ընդգծել է Մարիամ Փաշինյանը:

Անդրադառնալով իր և իր ընտանիքի հասցեին արվող քննադատություններին՝ Մարիամ Փաշինյանն ասել է. «Քննադատությունը պետք է բոլոր իշխանություններին, թեկուզ՝ իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամներին, որպեսզի իրենք չշեղվեն ճիշտ ուղուց, բայց կա սահման: Երբ մեկնաբանությունները կամ սուտ լուրերն ընհանրապես կապ չունեն իրականության հետ, դա արդեն փաստում է լրատվական դաշտի ճգնաժամի մասին»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն ապագայում զբաղվի քաղաքականությամբ, Մարիամ Փաշինյանն ասել է. «Միանշանակ, քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, նաև՝ տնտեսագիտությունը: Բայց հիմա ուզում եմ կենտրոնանալ իմ մասնագիտական քայլերն անելու մեջ: Ինձ համար տխուր է, որ Հայաստանը մինչև հիմա չի ունեցել կին ղեկավար՝ կին վարչապետ կամ կին նախագահ: Կարծում եմ, որ հիմա կանայք պետք է ակտիվանան, հատկապես, որ հիմա կառավարությունն աջակցում է կանանց դերը միջազգային հարաբերություններում և քաղաքականությունում»:

| | |
4318 | 0
Facebook