Կուսակցություններին պետական ֆինանսական աջակցության ծավալը կավելանա 5-10 անգամ
Հոկտեմբերի 18-ին ԱԺ-ում անցկացվեցին ունկնդրումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: Սահմանադրագետ, աշխատանքային խմբի համակարգող փորձագետ Արմեն Մազմանյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների հիմքում հետևյալ դրույթներն են՝ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը, հրապարակայնության ու հաշվետվողականության բարձրացումը, կուսակցության ֆինանսների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը և ամենակարևորը՝ քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության մասնավոր շահերի ազդեցության նվազումը, կուսակցական գործունեության ներառականության խթանումը: Ըստ Ա.Մազմանյանի՝ առաջարկվում է ամրագրել, որ կուսակցությունները, բացի գործադիր մարմնից, ունենան նաև կոլեգիալ մարմին, ինչը կբարձրացնի նրանց ներքին ժողովրդավարությունը: Աշխատանքային խումբն առաջարկում է ավելացնել կուսակցությունների ֆինանսական աջակցության ծավալը, ինչպես նաև իջեցնել այն կուսակցությունների համար սահմանված շեմը, որն անհրաժեշտ է պետական աջակցություն ստանալու համար: Ընդ որում՝ նախատեսում են պետական աջակցության ծավալն ավելացնել 5-10 անգամ, պետական աջակցություն ստանալու համար սահմանված շեմն էլ 3 տոկոսից իջեցնել 2 տոկոսի, կամ՝ պայմանավորել ԱԺ անցնելու շեմի տոկոսով՝ դա էլ իր հերթին ներկայիս 5 տոկոսից իջեցնել 2 տոկոսով: Նախատեսում են բացառել կուսակցություններին իրավաբանական անձանց նվիրատվությունները՝ դա վերապահելով միայն ֆիզիկական անձանց, նվիրատվություններն էլ կատարել անկանխիկ եղանակով: Եվս մեկ իմպերատիվ արգելք՝ բացառել կուսակցությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: |