Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Էլմար Մամեդյարովի հարցազրույցին

10:25, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ Էլմար Մամեդյարովի հարցազրույցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթներին.

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։

Պատասխան. Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ:

Հարց. Իր հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Այն, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է:

5790 | 0
Facebook