Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ուսումնասիրությունն իրականացվեր այս տարվա ընթացքում, քաղաքապետարանը կրկին կհայտնվեր «պատվավոր» վերջին հորիզոնականներում». Դ. Խաժակյան

16:25, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Եթե ուսումնասիրությունն իրականացվեր այս տարվա ընթացքում, քաղաքապետարանը կրկին կհայտնվեր «պատվավոր» վերջին հորիզոնականներում». Դ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառանլով «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ուսումնասիրեցի «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցը, որի արդյունքներով Երևանի քաղաքապետարանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը։

Զեկույցը ներկայացնում է 2018թ․ հոկտեմբեր - դեկտեմբեր ժամանակահատվածը, այդ իսկ պատճառով համեմատված 14 ցուցանիշները փորձեցի համադրել այսօրվա՝ քաղաքապետի պաշտոնավարումից մեկ տարի անց եղած իրավիճակի հետ:

Հավաստիացնում եմ, որ եթե ուսումնասիրությունը իրականացվեր այս տարվա ընթացքում, քաղաքապետարանը կրկին կհայտնվեր «պատվավոր» վերջին հորիզոնականներում, քանի որ քաղաքապետարանի մոտեցումը շարունակում է մնալ նույն տրամաբանության մեջ՝ չհրապարակել այն, ինչ օրենքը ուղղակիորեն, շատ հստակ չի պարտադրում հրապարակել։

Դրա վառ օրինակն է տարեսկզբին քաղաքապետի ընդդիմացումը հրապարակել պարգևատրումների ցանկը, որը ի վերջո եղավ ամիսներ անց մեր գործադրած ջանքերի շնորհիվ, վառ օրինակն է քաղաքացիների դիմումների պատասխանների պարբերական ուշացումը, վառ օրինակն է բյուջեյի եռամսյակային կատարողականները, որոնք կայքում թերի են հրապարակված, վառ օրինակ է բազմաթիվ քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից Սանիտեքի հետ կնքված պայմանագրի չտրամադրումը և այսպես շարունակ։

Ինչ վերաբերում է գնումների թափանցիկությանը, ապա եթե չլիներ armeps.am և gnumner.am էլեկտրոնային հարթակները, որոնք որևէ կապ չունեն Երևանի քաղաքապետարանի հետ, ապա կայքից մենք կիմանաինք բացառապես այն գնումների մասին, որոնք խնդրահարույց չեն, ինչով փաստում եմ, որ գնումների մասին տեղեկությունները ևս մասամբ են հրապարակվում։

Հ․Գ․ մեկնաբանություններում ներկայացնում եմ զեկույցի հղումը, որի յուրաքանչյուր կետի մասով տեսակետս կարող եմ փաստերով ապացուցել»։

2836 | 1
Facebook