Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը

10:35, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ուսումնասիրությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը և ձևաչափին, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոններին:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։Ըստ բանախոսի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնսորցիումը որոշել էր հետազոտություն իրականացանելտեղեկատվության մատչելիության վերաբերյալ: Մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետագայում գաղափար է ծագել համեմատական վերլուծություն կատարել` հասկանալու եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը։

Միքայել Ավետիսյանը նշել է, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության հիման վրա, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։ Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակի հաշվառմամբ՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք՝ բարձր, միջին և ցածր արդյունքներ գրանցած խմբերի։

Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Երևանի արդյունքները բոլոր14 ցուցանիներով: Երևանը հայտնվել է վերջին հորիզոնականում: Բանախոսը պարզաբանել է, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում` հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա: Մինչդեռ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։

Հին ժողովրդավարություն հանդիսացող երկրի մայրաքաղաք Ստոկհոլմը ևս հայտնվել է ցածր միավորներ ունեցողների շարքում: Արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են եղել: Բանախոսը սա բացատրել է նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի հաշվառմամբ:

Հետազոտության ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում Միքայել Ավետիսյանը և Սոնա Այվազյանը պատասխանել են մասնակիցների հարցերին:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

2490 | 0
Facebook