Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավապահները հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը

21:15, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Իրավապահները հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը

Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է կասկածյալների բնակության վայրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց, նրանք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։

Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Նա երկու անչափահաս երեխաների հայր էր:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրներ։

Ի դեպ, նշենք, որ բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։ Նրանք մանկատան սաներ են, նրանց մայրը ժամանակին ազատազրկվել էր երեխաներին խոշտանգելու, տղաներից մեկին դանակահարելու համար:

Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը։

Եղբայրները ձերբակալվել են։

Քննությունը շարունակվում է։

Իրավապահները Պռոշյանում հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը
4711 | 0
Facebook