Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավագանու անդամներն ամփոփել են քաղաքապետի գործունեության 1 տարին

17:05, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Ավագանու անդամներն ամփոփել են քաղաքապետի գործունեության 1 տարին

Երևանի ավագանու 3՝ «Իմ քայլը», ԲՀԿ, «Լույս» խմբակցությունների անդամները հոկտեմբերի 16-ին ամփոփեցին Երևանի քաղաքապետի գործունեության 1 տարին: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հասմիկ Խաչունցը տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց աղբահանության ոլորոտում արձանագրված առաջընթացը:

«Շնորհիվ քաղաքապետարանի աղբահանության համայնքային հիմնարկի՝ Երևանում այլևս աղբ չկա»,- ասաց Հ. Խաչունցը:

Նրա վկայությամբ՝ աշխատանք է արվել նաև էներգախնայող լուսավորության ընդլայնման, ոռոգման ցանցի կարգավորման, մանկապարտեզներում առցանց գրանցման ու հերթերի վերացման ուղղությամբ:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ասվածին արձագանքեց հակադարձումներով՝ նշելով, որ երևանցիների համար օրախնդիր հարցերին համակարգային լուծում տրված չէ: Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ տրանսպորտի, վերելակների և կանաչապատման հարցերում ոչինչ չի իրականացվել, իսկ աղբահանության դեպքում մրցույթ չի հայտարարվել 2-րդ օպերատորի մուտք գործելու համար:

«Եթե մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չենք տեսնում, նշանակում է, որ դրանց իրագործումը կասկածի տակ է առնվում»,- ասաց Դ. Խաժակյանը:

Նա նկատեց, որ քաղաքապետարանը թե՛ տրանսպորտի, թե՛ վերելակների պարագայում ընտրել է խնդիրը կառավարության աջակցությամբ վարկային գումարներով լուծելու ճանապարհը: Սակայն դեռ չկա այն հարցի պատասխանը, թե վարկերի մարումն ինչպես է արվելու:

Հ. Խաչունցն էլ նկատեց, որ տրանսպորտի ոլորտում գլխավոր ճարտարապետն ակտիվ աշխատում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման, ճոպանուղի գործարկելու ուղղությամբ: Երկրորդ ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ից ավագանու անդամի արձագանքը չուշացավ. «Ֆոտոները չենք ասում, կոնկրետ նախագիծն ո՞ւր է, չկա»,- վրա բերեց Հռիփսիմե Առաքելյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Հ. Առաքելյանն ասվածին ավելացրեց, որ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանում հաստիքներ ավելացան, մինչդեռ քաղաքապետ Հ. Մարությանը «խրոխտ» հայտարարում էր, թե հաստիքների օպտիմալացում պետք է լինի, ավելացան նաև պարգևավճարների չափերը: Իսկ ինչ վերաբերում է աղբահանության ոլորտում նշվող առաջընթացին, ապա ըստ Հ. Առաքելյանի՝ արվածը ժամանակավոր լուծում է, որովհետև դեռ չունենք աղբավերամշակման գործարան, և 2 տարուց կրկին վատ պատկեր ենք ունենալու:

«Լույս» խմբակցության ղեկավար Դ. Խաժակյանը հիշեցրեց, որ մինչ հեղափոխությունն ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը Մամիկոնյանց փողոցում ապօրինի շինություն էր կառուցում, դրա դեմ բողոքում էին բնակիչները: Հեղափոխությունից հետո շինարարությունը կասեցնելու մի փորձ արվեց, սակայն այժմ հին իներցիան շարունակվում է: Քաղաքապետը նոր շինթույլտվություն է տվել: Նրա գործընկեր Հ. Առաքելյանն էլ ավելացրեց, որ շինթույլտվությունների հարցը քաղաքային իշխանության ամենացավոտ կողմն է:

«Շինթույլտվությունների մասով քաղաքապետարանում ռեբուսային վիճակ է: Հնարավոր է, որ գլխավոր ճարտարապետը գտնի, որ սա հարմար է, մարդկանց շնորհավորեն, հետո հաջորդ օրը զանգահարեն և ասեն՝ գիտե՞ք փոշմանել ենք: Այսպիսի անպատասխանատու մոտեցում կա»,- նկարագրեց ԲՀԿ խմբակցությյան քարտուղարը: Դա նրա գնահատմամբ՝ ներդրողներին վանում է:

Սրան հերթական՝ իշխանական ավագանու անդամ Հ. Խաչունցի արձագանքն այն էր, որ նկարագրվածը համակարգի բացակայության արդյունք է: Նախորդ իշխանության ժամանակ այդ հարցում համակարգ չի եղել, գործել է «գումարը տուր, շինթույլտվությունը ստացիր» սկզբունքը:

Դ. Խաժակյանը հույս հայտնեց, որ 4 տարի անց նոր քաղաքային իշխանություն ընտրելիս կվերանայեն իրենց այն մտածողությունը, որ նախկին վատ իշխանության ֆոնին նոր ընտրվողից պրոֆեսիոնալիզմ չեն պահանջում: Հ. Առաքելյան էլ հակադարձեց, որ էյֆորիան երկար չի շարունակվի, և եթե աշխատանք չարվի, երևանցին նրան չի ընտրի:

2791 | 0
Facebook