Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համախմբել ԱՊՀ հատուկ ծառայությունների ուժերը՝ կանխելու Սիրիայից այլ երկրներ ահաբեկիչների ներթափանցումը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել հարյուրավոր գրոհայինների առաջխաղացմանը:
«Սա իրական սպառնալիք է մեր և ձեր համար: Ինչպե՞ս և ո՞ւր են նրանք շարժվելու՝ Թուրքիայի տարածքո՞վ, այլ տարածքներո՞վ, Սիրիայի՝ ոչ մեկի վերահսկողության տակ չգտնվող տարածքներո՞վ, Իրաքո՞վ, այլ երկրների և տարածաշրջանների միջոցո՞վ»,- հարցադրել է Վ.Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի՝ այս սպառնալիքը դադարեցնելու համար անհրաժեշտ է համախմբել ԱՊՀ հատուկ ծառայությունների ուժերը:
«Սիրիայի հյուսիսում կան գոտիներ, որտեղ կենտրոնացած են ԴԱԻՇ մարտիկները: Մինչ այժմ դրանք հսկում էին քրդական զորամիավորումները: Այժմ թուրքական բանակը մտնում է այդ տարածքները, որոնք քրդերը լքել են»,- ասել է Վ.Պուտինը: