Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինեկոբանկ. Հայաստանի Ֆինթեք առաջատարն ամփոփում է #WCIT2019 համաժողովը

18:10, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
Ինեկոբանկ. Հայաստանի Ֆինթեք առաջատարն ամփոփում է #WCIT2019 համաժողովը

Ավարտվեց ամենասպասված, Հայաստանը տեխնոլոգիական աշխարհի կենտրոն դարձրած՝ #WCIT2019 համաշխարհային կոնգրեսը, որն այս մի քանի օրերի ընթացքում հասցրեց իր շուրջը համախմբել համաշխարհային հզոր դեմքերի և մասնագետների՝ վերհանելու առկա և ապագա մարտահրավերները, զարգացման ուղղություններն ու միտումները։
     Ֆինթեք զարգացման հեռանկարներից մինչև արհեստական բանականություն ու կիբեռանվտանգություն․ քննարկման թեմաները բազմազան էին։ Եռօրյա համաժողովի օրակարգը հագեցած էր ոչ միայն պանելային քննարկումներով և ելույթներով, այլ նաև այցելուներին ընձեռվել էր հնարավորություն ծանոթանալ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած պատվիրակությունների նորարարական լուծումներին։ էքսպո ցուցահանդեսի տարածքում էր նաև Ինեկոբանկը, որը հանդիսանում էր #WCIT2019 համաժողովի ինովացիոն հովանավորը։


     «WCIT 2019» համաժողովում հանդես գալով հովանավոր՝ ի սկզբանե կարևորել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի աճի միտումներն ու դերը, ինչպես նաև հզոր մասնագիտական համայնքի կայացման հեռանկարները»,- նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Նալթակյանը։
     Միջոցառման օրերին առաջին ամբողջական թվային բանկի տաղավարում Ինեկոբանկի թիմը միջազգային և տեղական հյուրերին ներկայացնում էր բանկի գերժամանակակից թվային լուծումներն ու ծառայությունները։

     «Աշխարհում այսօր շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումներից, մարտահրավերներից և հնարավորություններից։ Տեխնոլոգիական զարգացումները, որոնք միտված են բիզնես գործընթացների արդյունավետության ու հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մշտապես Ինեկոբանկի ուշադրության դիտակետում են։ Համոզված եմ, որ բանկը հետագայում էլ շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի աճն ու զարգացումը՝ իր ուրույն ներդրումն ունենալով նմանօրինակ հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներում»,- հավելեց պարոն Նալթակյանը։

6495 | 0
Facebook