Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կառավարությունը չպետք է անտեսի հայ քաղաքացու էկոլոգիական շահը». բնապահպան

17:00, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«ՀՀ կառավարությունը չպետք է անտեսի հայ քաղաքացու էկոլոգիական շահը». բնապահպան

«Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Հասարակական կազմակերպությունների համակարգող Աշոտ Աշոտյանն ընթերցեց բողոքի գրավոր տեքստը: Դրանում նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության և նրանց սատարող Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներին քաջ հայտնի պետք է լինեին Ամուլսարում ուրանի ու թորիումի առկայության մասին (Գրոմովի արշավախումբ), որը չի ներկայացվել նախագծում: Նրանք պնդեցին, որ Ամուլսարի շահագործումն իր մեջ վտանգներ է պարունակում՝ սեյսմիկ վտանգ, գետերի ջրերի ծանր ու ռադիոակտիվ մետաղներով աղտոտման վտանգ: Ինչպես նշված է ընկերության ծրագրում, նախատեսված է 10 հազար տոննա ցիանիդ ներկրել ՀՀ՝ ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցով:

Բողոքի ակցիա իրականացնողները անհիմն ու իրականությանը չհամապասխանող համարեցին թե՛ ընկերության, թե՛ ՀՀ վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, թե ընկերությունը 430 միլին դոլարի ներդրում է կատարել: Ավելին՝ այս առումով ո՛չ աուդիտ է անցկացվել, ո՛չ էլ կան ներդրումների կատարված լինելը հաստատող փաստաթղթերը: ««Լիդիան Ինթերնեյշընըլ» ընկերությունն օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, երբեք չի ունեցել ոսկու արդյունահանման փորձ, և պնդումները՝ 1 տոննա հանքանյութի մեջ 0.7 գրամ ոսկու առկայությունը զավեշտալի ցուցանիշ է՝ հանքի շահագործումը շահավետ համարելու համար»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նրանք կառավարությունից պահանջեցին անցկացնել ֆինանսատնտեսական հաշվեքննություն:

«ՀՀ կառավարությունը չպետք է անտեսի հայ քաղաքացու էկոլոգիական շահը: Հակառակ դեպքում, պարզ է դառնում, որ Ն. Փաշինյանի բազմաթիվ պնդումները, թե ՀՀ-ում կատարվել է հեղափոխություն, և իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, իրականությանը չեն համապաստասխանում, այլ ենթադրում են դեղին մամուլին հարմար ամբոխահաճություն»,- պնդեցին «Համահայկական ազգային համաձայնության» ներկայացուցիչները և բողոքի գրավոր տեքստը հանձնեցին կառավարություն:

2626 | 0
Facebook