Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ինչո՞ւ է Կառավարությունը սառեցնում ռազմական ծախսերը». Ավետիք Չալաբյան

19:10, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ է Կառավարությունը սառեցնում ռազմական ծախսերը». Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ են հուշում թվերը, կամ՝ ինչու է Կառավարությունը սառեցնում ռազմական ծախսերը. 2015թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղղաթիռը, և երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, հորդորելով արագացված տեմպերով ընդլայնել պաշտպանական բյուջեն, և սկսել սպառազինությունների արդիականացման գործընթացը։ Ի զարմանս մեզ, նախկին իշխանությունը 2016թ․ պաշտպանական բյուջեն ընդունեց նախորդ տարվա համեմատ ընդամենը 4% ավելացմամբ (192 մլրդ դրամից 200 մլրդ դրամ), դա բացարձակ անհամարժեք էր այն ռազմական սպառանալիքներին, որոնք կանգնած էին մեր երկրի առաջ։ Արդեն 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո էր, որ սկսվեց Ռուսաստանից ժամանանակից սպառազինությունների մատակարարումը, եկան գերհզոր Իսկանդերները և Սմերչերը, մեր պաշտպանական բյուջեն երկու տարում աճեց համարյա 50%-ով, բայց պահն արդեն կորցված էր, իսկ կորուստները՝ անվերադարձ։

Այսօր՝ չորս տարի անց, մեր հակառակորդը տառացիորեն կրկնում է նույն ձեռագիրը՝ աճում է առաջնագծում դիվերսիաների թիվը, հակառակորդի ղեկավարները բարձր ամբիոններից հոխորտում են Արցախը վերանվաճելու մասին, և պաշտոնապես հայտարարում են սպառազինությունների գնման նոր միլիարդանոց ծրագրերի մասին։ Պատմությունը կրկնվում է, և պետք չի պայծառատես լինել հասկանալու համար, թե ուր է այն ի վերջո տանելու։ Այս պայմաններում թվում է, թե մեր Կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անի՝ պատրաստելու երկիրը, բանակը և ժողովրդին հնարավոր պատերազմի, և մի բռունցք դառնալով, դիմագրավի հակառակորդի նկրտումներին, առավել ևս, որ այն իշխանության էր եկել օլիգարխներից թալանը հետ վերադարձնելու, և այն բանակի վերազինմանը տրամադրելու խոստումով։

Դրա փոխարեն, Հայաստանի Կառավարությունն իր սեպտեմբերի 30-ի նիստում ընդունում է 2020թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում է հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, մեր ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով, ներկա 300,5 մլրդ դրամից 303 մլրդ դրամի (փաստացի, գնաճից էլ քիչ, այսինքն՝ իրականում պակասեցվում է), այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացվնել ամբողջ 14%-ով, 1,648 մլրդ դրամից 1,880 մլրդ դրամի։ Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերն այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի, փոխարենն անհամաչափ ավելացնել են բազմաթիվ այլ ծախսեր, որոնք գուցե արդարացված կլիներ այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը։ Բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձը խոսում է ինչի մասին ասես, բացի պաշտպանությունից, որի մասին բառ իսկ չկա։

Այն պայմաններում, երբ ահագնանում է պատերազմի վտանգը, ուղիղ հակառակ մոտեցումն էր անհրաժեշտ՝ արագանցիկ ավելացնել ռազմական պաշտպանության ծախսերը, հասցնել դրանք ընդհանուր պետական բյուջեի մոտ 20%-ին, դրանով հստակ ուղերձ հղել հակառակորդին՝ մենք չենք ընկրկելու, մեր հնարավորությունների սահմաններում արագացված արդիականացնելու ենք մեր սպառազինությունները և պաշտպանական համակարգը, և պատրաստվելու ենք կոշտ հակահարված տալ մեր տարածքի և անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Այսօր սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ Կառավարությունը, փաստացի սառեցնելով ռազմական ծախսերը, դրանով ուղերձ է հղում, որ ոչ մի պատերազմի էլ չի պատրաստվում, և խրախուսում է հակառակորդին՝ սաստկացնելու հռետորաբանությունը, և անցնելու մեր դեմ ավելի կոշտ գործողությունների։

Ես չեմ ցանկանում որևէ մեկին դեռևս մեղադրել, սակայն այս ամենի միջով մենք արդեն անցել ենք չորս տարի առաջ, և արդյունքներն էլ հայտնի են։ Եթե չենք ցանկանում, որ 2016-ի ապրիլյան պատերազմը կրկնվի (գուցե էլ ավելի մեծ մասշտաբներով և կորուստներով), այսօրվա Կառավարությանը պետք է հրաժարվի իր հակասական հռետորաբանությունից, ընդլայնի ռազմա-տեխնիկական համագործակցությունը հիմնական արտաքին գործընկերների հետ, ընդգծված ավելացնի ռազմական պաշտպանությանն ուղղվող հատկացումները և կրիտիկապես անհրաժեշտ սպառազինությունների գնումները, և դրանով կանխի հնարավոր պատերազմը դեռ իր բնում։

Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու, եթե այս Կառավարությունը դա դեռ չի հասկացել, մնացած բոլորը դա պարզ տեսնում են։ Ես անցած շաբաթ արտաքին վտանգին ընդառաջ միասնության կոչ էի արել, հիմա էլ այն կրկնում եմ, բայց այս անգամ, կրկնում եմ այն կոնկրետ գործողություն պահանջելով Կառավարությունից և իր կցորդ Ազգային ժողովից՝ ընդունեք պատերազմի պայմաններին համարժեք պաշտպանական բյուջե, և պատրաստվեք երկիրն ու ժողովրդին պաշտպանելուն»:

| | |
1736 | 0
Facebook