Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա

22:25, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Թուրքիայի զինված ստորաբաժանումները ներխուժել են Սիրիա

Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին:

Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը շարժվել է դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ: Հայտնում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ:

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ գործողության անվանումը լինելու է «Խաղաղության ակունք», սակայն այդ մասին առայժմ պաշտոնական հաստատում չկա։

Ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիայի բանակի առաջին թիրախը լինելու են Թալաբադ և Ռեսուլայն քաղաքները, իսկ այնուհետև Քոբանի շրջանը: Դրանք այժմ գտնվում են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։

Նշվում է նաև, որ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 65.000 զինյալ և նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի։

Ռազմական գործողություններին մասնակցելու են թե՛ ցամաքային և թե՛ օդային ուժեր:

7129 | 0
Facebook