Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը

18:50, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը: «Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորական ոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն ունի կարևորագույն նշանակություն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հանրության համար: «Վստահ եմ, որ այն կծառայի իր նպատակին և այս օրերի ընթացքում կլինի լավագույն փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսության խորացում և համագործակցային սերտ կապերի հաստատում»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին` Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը, Բեռլինի պետական գրադարանին և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին: Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով Վարպետի հիշատակին: Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, նրա ստեղծագործությունների ունկնդրումներ: Ներկայացուցչական հավաքի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 10-ին:

| | |
641 | 0
Facebook