Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց

12:20, երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ.
Ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց

Երևանի ավագանին հոկտեմբերի 8-ի նիստում Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին:

Հայ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացավ նաև Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին: Ինչպես նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սանկտբետերբուրգյան այցի ժամանակ ինքն արձանագրել է, որ Բ.Պիոտրովսկու ղեկավարությամբ թանգարանում մեծ ուշադրություն է դարձվում ուրարտարական շրջանին, Բ.Պիոտրովսկին միշտ հետաքրքրվում է Կարմիր բլուրի ճակատագրով և իր պատրաստակամությունն է հայտնել՝ օժանդակել դրա վիճակի բարեկավմանն ուղղված քայլերին:

Մեկ այլ որոշմամբ էլ Երևանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին կոչվեց հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի անվամբ: «Դիանա Աբգարն առաջիններից մեկն էր, որ ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր թուրքական իշխանությունների կողմից: Նա հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է «The Japan Gazette» և «Far East» անգլերեն պարբերականներին, նաև «New York Times»-ին։ Նա գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի ծայրահեղ պայմանների մասին` ընդգծելով հայերին փրկելու Արևմուտքի բարոյական պարտականությունը:

| | |
2031 | 0
Facebook