«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ Հանրապետական ծննդատան բժիշկները հրավիրել են ասուլիս և նշել, որ «Ամեն նորածնի մահ պետք չէ դարձնել հետաքննության թեմա»։ Նրանք նաև մեղադրել են լրագրողներին` թեմային անդրադառնալու համար։
Ինձ մոտ մի քանի բնական հարցեր են առաջանում։
Մի՞թե մեր բժիշկները թաքցնելու բան ունեն։ Մի՞թե նրանք վստահ չեն, որ ցուցաբերել են լավագույն բժշկական օգնությունը, որը հնարավոր է Հայաստանում։ Ինչի՞ց են նրանք վախենում։ Մի՞թե նրանց համար ավելի ապահով է յուրաքանչյուր մահացած փոքրիկի հարազատի դժգոհությունը կամ ագրեսիվ վարքը։ Մի՞թե նրանք չեն ցանկանում, որ պարզվի փոքրիկներին կորցնելու պատճառները և փորձեր արվեն դրանք հետագայում կանխելու ուղղությամբ։
Ես վստահ եմ, որ մեր բժիշկները իմ հարցերին միայն իրենց դրական բնորոշող պատասխաններ կտան։
Հետևաբար մնում է մի եզրակացության հանգել։ Բժիշկների ասուլիսը հրահրված էր որոշակի անձանց կողմից։
Սիրելի բժիշկներ, այսօր հրահանգներ կատարելով՝ վաղը դուք ձեզ ոչնչից չեք ապահովագրում։
Իսկ մեր սիրելի լրագրողներին շնորհակալ եմ այսպիսի կարևոր թեմա լուսաբանելու և հետևողական լինելու համար։ Ձեր գործն էլ է հաճախ անշնորհակալ, բայց և` անչափ կարևոր»: