Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռ. Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

14:50, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Ռ. Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Հոկտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը:

Նիստի սկզբում Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նշեց, որ վերջերս դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածից հետո ձերբակալվել են 2 անձինք, մինչդեռ շատ այլ՝ դատավոր Դավիթ Բալայանին հրելու ու գցելու, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հանդեպ բռնություն կիրառելու դեպքերով քրեական գործեր չեն հարուցվել: «Ուստի՝ այդ 2 երիտասարդները քաղաքական բանտարկյալներ են»,- հայտարարեց նա և դատավորին հորդորեց իրականացնել արդարադատություն:

Հայկ Ալումյանը նշեց, որ դատարան է բերել ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն քանի որ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մտադիր է իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գալ, ինքը դեմ չէ, որ այդ միջնորդությունն առաջնային քննարկվի: Փաստաբանը միջնորդությունները ներկայացնելու հերթականությունը թողեց դատարանի հայեցողությանը: Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշեց, որ դատարանը չի կարող քննարկել այլ միջնորդություն, քանի դեռ չի քննարկվել Հայկ Ալումյանի միջնորդությունը:

Այնուհետ Հ. Ալումյանն ընթերցեց իր ինքնաբացարկի տեքստը:

Նա ներկայացրեց այն հիմքերը, ըստ որոնց, իր իսկ բնորոշմամբ, դատավոր Աննա Դանիբեկյանն իրավասու չէ քննել տվյալ գործը: Ըստ փաստաբանի՝ դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ. Քոչարյանի հանդեպ կանխակալ դիրքորոշում ունի:

Հ. Ալումյանի ներկայացած հիմքերին լրացում արեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի մյուս անդամը՝ Հովհաննես Խուդոյանը: Նրա պնդմամբ՝ քրեական գործը Աննա Դանիբեկյանին չէր կարող մակարգրվել, որովհետև նա հուլիս-օգոստոսին արձակուրդի մեջ է եղել՝ ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաև Ա. Գևորգյանի փաստաբան Է. Ալեքսանյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանը:

Ա. Գևորգյանի փաստաբան Է. Ալեքսանյանը նշեց, որ իրենք ևս առաջիկայում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու՝ այս անգամ այլ հիմքերով: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց. «Մտածում էի՝ ինքնաբացարկ տալու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկել, քանի որ առկա իրողությունների շրջանակներում ՀՀ-ում կարծես նորմալ է գնահատվում, երբ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում»:

Դատարանն այդ արտահայտությունը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք համարեց և սանկցիա՝ նկատողութուն կիրառեց՝ նախազգուշացնելով, որ նման դեպք կրկնվելու դեպքում կկիրառվեն ավելի խիստ սանկցիաներ:

Մեղադրող կողմը չմիացավ միջնորդություններին և դատարանից պահանջեց մերժել միջնորդությունը:

4542 | 0
Facebook