Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

13:20, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպք է բացահայտվել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը,ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ /մառլյայատիպ/ներծծված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով:Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով`թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ մամուլի կենտրոն

2884 | 0
Facebook