Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ովքե՞ր են ստորագրել՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի հայտարարության տակ

12:15, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
Ովքե՞ր են ստորագրել՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի հայտարարության տակ

2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․

Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:

Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին։

Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին՝ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Այս ոչ իրավական գործընթացը մեր պետության վարկի խնդիր չէ միայն․ արդեն այսօր այն բախում է շատ-շատերի դուռը։ Մարտի 1-ի ուղղորդվող գործով արդեն իսկ փորձ է արվում վարկաբեկել նաև մեր երկրի բանակաշինության և անվտանգության ապահովման հարցում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականներին և հրամանատարներին։ Վստահ ենք՝ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ վճիռների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություննե-րից։

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:
     Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»:

Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր Արա Աբրահամյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ, Ռազմիկ Դավոյանը, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը (խմբ. ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինը-խմբ.), «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և այլ գործիչներ:

21057 | 2
Facebook