Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք». Արմեն Սարգսյան

11:45, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
«Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։

Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր համարում՝ մեզ պարզապես ակնարկելով, որ սովորել անհրաժեշտ է լինելու ոչ միայն դպրոցական տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում։

Իմ առաջին ուսուցիչն իմ ծնողներն են, իսկ վերջինը․․․ Ինչպես Վարդգես Պետրոսյանի հայտնի հերոսը կասեր՝ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք, որովհետև հենց դադարենք սովորել, կդադարենք ապրել։

Մենք այսօր էլ շարունակում ենք սովորել մարդ լինել ու մարդ մնալ, ճանաչել ու պաշտել հայրենիքը, ապրել նրանով և այն ապրեցնել մեր մեջ, սովորում ենք ապրել ազատ երկրում, մտածել ու ստեղծել, դասեր քաղել հաջողություններից և ձախողումներից, ձգտել և հասնել մեր նպատակներին։

Մենք սովորում ենք ոչ միայն օրվա դասը, այլև՝ կրկնում երեկվանն ու նախորդ օրվանը, որովհետև երեկվա օրն այսօրվա ուսուցիչն է։ Սովորում ենք վաղվա դասերը, այլապես անհնար է առաջ գնալ ու կատարելագործվել։

Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք։ Մենք բոլորս ամբողջ կյանքում մնում ենք աշակերտ, իսկ մեզնից սակավները՝ Ուսուցիչ։

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ։

Շնորհակալություն Ձեզ, Ուսուցի՛չ»։

| | |
929 | 0
Facebook