Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Պինխաս Ցուկերման՝ համաշխարհային երաժշտության ֆենոմեն

09:30, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Պինխաս Ցուկերման՝ համաշխարհային երաժշտության ֆենոմեն

Հոկտեմբերի 7-ին ժամը 20-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է մեծ համերգ. լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ. Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը:

Պինկաս Ցուկերման

Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ:

Ցուկերմանը հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017թ-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի «Ձմեռային փառատոնի» և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ` կամերային անսամբլով:

Պինխաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, երկու անգամ՝ մրցանակակիր: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար։ 2016թ.-ին Deutsche Grammophon և Philips ընկերությունները թողարկել են 22 ձայներիզիներից բաղկացած ժողովածուն` բարոք, դասական և ռոմանտիկ կոնցերտների և կամերային երաժշտության Ցուկերմանի կատարումներով:

Պինխաս Ցուկերմանը պարգևատրվել է Իսահակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգևը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգևատրել է Արվեստի ազգային մեդալով: Նա երաժշտության բնագավառում «Ռոլեքս մենտոր և արվեստի նախաձեռնության հովանավոր» ծրագրի առաջին գործիքային ուսուցիչն է:

Պինխաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։

Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

| | |
1183 | 0
Facebook