«Մամ ջան, արևս, կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է և դարձրել տոկուն ցանկացած հարձակումների հանդեպ, ավելին՝ ոչ մի վատ, ստոր, նողկալի բան այլևս չի զարմացնում, բայց այս դեպքը շատ երկար մտորելու առիթ տվեց։ Ու խնդիրը ոչ այնքան ինձ հասցված վիրավորանքն էր, այլ այն արժեհամակարգը ու մարդկանց այն տեսակը, որը կարող էր նորաձև դառնալ Ա. Քոչարյանի հայտարարությունից հետո, քանի որ ցանկացած ժամանակ ծնում և բազմացնում է իրեն բնորոշ մարդկանց տեսակը։ Ու հիմա, երկար մտորումների ու տառացիորեն, հազարավոր մարդկանց աջակցությունից հետո, արձագանքս Ա. Քոչարյանին պետք է լինի շնորհակալությունը և գնահատանքը։ Մարդկանցից միշտ պետք է սովորել՝ ինչպիսին լինել, առավել հաճախ՝ ինչպիսին չլինել: • Շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, բացահայտելու իր տեսակի «տղամարդկանց» որոշակի քանակ և իհարկե նրանց սատարող տիկնանց նույնքան քանակ, նաև այն տիկնանց երեսպաշտությունը բացահայտելու համար, ովքեր ընդամենը մեկ օր առաջ խոսում էին վիրավորանքի անթույլատրելիությունից, իմ անունից կեղծ սքրիններ էին տարածում ու բանաձեւում, թե ինչ է երեսպաշտությունը, պարկեշտությունը ու էլի վեհ վեհ բաներ, բայց այսօր լուռ էին։ • Շնորհակալ եմ սույն պարոնին, որովհետև նրա հայտարարությունը թույլ կտա տարբերակել այն մարդկանց, ում խոսքը արժեք ունի, ումը՝ ոչ։ Երբ «Իմ քայլ»-ը դաշինքից առանձին մարդիկ նամակով ինձ գրում էին, աջակցություն էին հայտնում, իմ պատասխանը հետեւյալն էր ՝ որպես մարդ անկեղծորեն գնահատում եմ ձեր վերաբերմունքը, իսկ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի քաղաքական ուժի գնահատական՝ իր ղեկավարի արժեհամակարգին համապատասխան։ • Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը։ Ասում են՝ կեղծավորությունը բոլոր մեղքերից ամենաաններելին է, երբ ինքնին ապաշխարանքն արդեն կեղծ է։ Ներողություն խնդրելով նա կեղծելու էր ինքն իրեն։ • Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբեւէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին եւ արժեհամակարգին։ • Ու ամենակարեւորը՝ ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։ Հ.Գ. Մամ ջան, արևս, կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։ |