Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Արտակ Գալստյանի բաց նամակը՝ Գագիկ Ծառուկյանին

23:00, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Արտակ Գալստյանի բաց նամակը՝ Գագիկ Ծառուկյանին

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը բաց նամակով դիմել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին.

«Երեկ Դուք հայտարարեցիք, որ չեք միանում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի՝ ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ. Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու գործնթացին:
     Ձեր որոշումը հիմնավորեցիք, որ իբր թե ներկայացված հիմնավորումները, Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ թույլ են:
     Անկեղծ ասած, ես չգիտեմ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի այդ հարցով ներկայացված հիմնավորումները:
     Սակայն այսօր ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ.Թովմասյանը հայտարարություն է տարածել և տեղադրել ՍԴ կայքում:
     Հայտարարության տեքստը և դրա տեղադրումը, անկախ նախկին հիմնավորումներից առավել քան բավարար են ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ. Թովմասյանի պաշտոնանկության համար և դրանք թույլ համարելը կլինի մանիպուլյացիա, իրականության խեղաթյուրում և իրական մտադրությունների պարտակում:
     Կներեք, բայց չասել չեմ կարող, այս պարագայում, եթե ԲՀԿ-ն չմիանա նախաձեռնությանը, ապա հենց Ձեր հակափաստարկները կլինեն թույլ:
     Այժմ, ներկայացնեմ ՍԴ անդամ և ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հ. Թովմասյանի պաշտոնանկության հիմնավորումները:
     Այսպես՝
     Հրայր Թովմասյանը այսօր տարածել է հայտարարություն և այն տեղադրել ՍԴ պաշտոնական կայքում:
     Նախ հայտարարության տեղադրումը ՍԴ պաշտոնական կայքում, ինքնին ՍԴ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում է, քանի որ ՍԴ կայքում հրապարակվում են, ՍԴ որոշումները, աշխատակարգային որոշումները, դատավորների հատուկ կարծիքները, այսինքն՝ այն գործունեության արդյունքները, որոնք որ իրականացնում է ՍԴ-ն: Այլ կերպ ասած ՍԴ-ը կայքը ՍԴ պաշտոնական դիրքորոշման հրապարակման հարթակ է:
     Հրայր Թովմասյանը, հրապարակելով ՍԴ կայքում իր սուբյեկտիվ կարծիքը, այն օգտագործել է որպես իր անձնական ֆեյսբուքյան էջ: Տրամաբանական է, որ նա դրան հաջողվել է միայն մի բանի արդյունքում, որ ինքը հանդիսանում է ՍԴ անդամ և Նախագահ, այսինքն՝ օգտագործել է իր պաշտոնը ի շահ իրեն:
     Այստեղ հարկ է արձանագրել, Հրայր Թովմասյանի կողմից, ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտումը:
     Հայտարարությամբ Հրայր Թովմասյանը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի իր հանդեպ սկսած գործնթացը համարում է քաղաքական՝ դրանով իսկ աներկբա ընդունելով իր քաղաքական գործունեությամբ զբաղվելու փաստը:
     Սրանով Հ. Թովմասյանը խախտել է ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի, 4-րդ հոդվածի 5-րդ ( ՍԴ դատավորին ներկայացվող պահանջի) և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ:
     Հայտարարությամբ Հ. Թովմասյանը գնահատական է տվել ՀՀ Իշխանության մնացած երկու ճյուղերի և ղեկավարների գործունեությանը, այն է՝ ՀՀ Վարչապետի և ԱԺ Նախագահի:
     Ընդ որում, այդ գնահատականները հրապարակել է ՍԴ պաշտոնական կայքով՝ առերևույթ պատրանք ստեղծելով այն մասին, որ դա ՍԴ դիրքորոշում է:
     Սրանով Հ. Թովմասյանը թույլ է տվել ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված էական կարգապահական խախտում, այն է՝ կատարել է այնպիսի արարք, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
     Վերը նշվածի արդյունքում թույլ է տվել նաև նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի խախտում. չի դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
     Հայտարարության եզրափակիչ մասում Հ. Թովմասյանը ակնհայտ ընդգծել է իր քաղաքական համակրանք ԲՀԿ-ի նկատմամբ՝ դրանով իսկ արձանագրելով, որ ինքը չի կարող անաչառ լինել «Իմ քայլը» դաշինքի և ԼՀԿ-ի նկատմամբ՝ կրկին փաստելով պաշտոնավարման ժամանակ իր քաղաքականությամբ զբաղվելու փաստը:
     Սույնով նաև արձանագրել է, իր անհամատեղելիությունը ՍԴ անդամի և Նախագահի պաշտոնին:
     Փաստացի հարկ է արձանագրել, որ միայն 03 հոկտեմբերի 2019 թ-ին ՍԴ կայքում հրապարակած և իր ստորագրությամբ վավերացրած հայտարարությամբ Հրայր Թովմասյանը խախտել է ՝ ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի՝
     4-րդ հոդվածի 5-րդ, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը:
     Սույն խախտումները ըստ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ և ՀՀ ՍԴ սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմք են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:
     Վերը նշված խախտումները այնքան ակնառու են, որ կարող են դասվել հանրահայտ փաստերի դասին և ապացուցման կարիք չունեն, քանի որ ՍԴ կայքում, Հ. Թովմասյանի ստորագրությամբ առկա է նրա հայտարարությունը:
     Ցանկացած քաղաքական ուժ, որը կանտեսի այս հանրահայտ փաստերը, դա նույնն է, որ հրապարակային ընդունի որ ինքը դեմ է ՀՀ-ն օրենքի երկիր դարձնելուն և ինքը սպասարկում է նախկին օկուպացիոն ռեժիմի շահերը, ընդդեմ հայ ժողովրդի:
     Պրն Ծառուկյան, կխնդրեի Ձեզ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի, Ձեր կողմից թույլ որակված փաստարկներին գումարել վերևում նշված հանրահայտ փաստերը և վերջնականապես կողմնորոշվել, Դուք և Ձեր կուսակցությունը ՀՀ Ժողովրդի հե՞տ եք թե՞՝ ոչ:
     Արդարություն, արդար դատական համակարգ, անաչառ դատավորներ, օրենքի երկիր արտահայտությունները և դրանց կենսագործումը, որպես հզոր Հայաստանի տեսլական, Ձեր համար ընդունելի՞ են թե՞՝ ոչ:
     Կսպասեմ Ձեր արձագանքին, հարգանքներով ՝

Արտակ Գալստյան»:

9252 | 0
Facebook