ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ հատարարեց, որ բացասաբար է վերաբերվում Հրայր Թովմասյանի՝ նիստին բացակայությանը: Նա անդրադարձավ նաև Թովմասյանի՝ հարցազրույցում պնդմանը, թե գործ ունեն քաղաքական գործընթացի հետ: ՍԴ նախագահն ասել էր, թե իր լիազորությունները դադարեցնելու նպատակը մեկն է՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել ստոպ, որովհետև այն հակասում է Սահմանադրությանը:
«Պարո՛ն Թովմասյան, դուք Սահմանադրական դատարանը չեք, դուք ընդամենը մեկ անդամ եք: Մի՛ վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիա, մի փորձեք դրանով Ձեզ հանցակից դարձնել ՍԴ մնացած դատավորներին»,-հայտարարեց Ա. Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը ներկայացնողն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն է: Նա նշեց, որ առկա հանգամանքներն օբյեկտիվ դիտորդի մոտ կարող են կասկած առաջացնել, որ Հրայր Թովմասյանը տվյալ վարույթով կարող է լինել ոչ անաչառ: 1-ին հիմքը նրա փոխկապակցվածությունն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և վերջիններիս փոխկապակցվածությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: 2-րդ հիմքը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հետ կնքահայր-սանիկային հարաբերություններն են: 3-հիմքը Մարտի 1-ի և դրա դատավարության շուրջ կարծիք արտահայտելն է: Եվ վերջապես 4-րդ հիմքն այն է, որ վերոնշյալ բոլոր հանգամանքների առկայության պայմաններում անդրադարձ չի կատարվել դրանց: Եվ հենց դա էլ դիտարկվել է որպես կարգապահական խախտում: