Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Նրանք ինձ չեն ճանաչում, բայց անձնական վիրավորանքներ են հասցնում». Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան. «ՀԺ»

09:45, շաբաթ, 28 սեպտեմբերի, 2019 թ.
«Նրանք ինձ չեն ճանաչում, բայց անձնական վիրավորանքներ են հասցնում». Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հենց նոր, երբ դուք զանգահարեցիք, ես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումն էի նայում: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, շատ հաճելի էր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցած Արմինե Հարությունյանը: Արդեն մի քանի օր է՝ համացանցի բուռն քննարկման թեմաներից մեկն է 23-ամյա աղջկա մասնակցությունը Gucci-ի ցուցադրությանը:

Նորությանն է անդրադարձել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աղջկա լուսանկարն ու կից գրառում արել. «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»:

Մեր զրույցում Արմինեն ասաց, որ սկզբում շատ է նեղվել՝ տեսնելով համացանցում իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքների տեղատարափը: «Սկզբում շատ-շատ էի նեղվում, բայց հիմա՝ չէ, որովհետև հասկանում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն ունի, և ես չեմ կարող ոչ մեկի կարծիքի վրա ազդել: Նրանք ինձ չեն ճանաչում և նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում: Շատ տհաճ է: Առաջին անգամ է երևի նման բան եղել, և բոլորի ուշադրության կենտրոնում հենց ես եմ, դրա համար բոլոր կարծիքներն էլ երևի թե տեղին են, քանի որ բոլորի մոտ է շոկ, այդ թվում՝ և իմ»,- ասաց Արմինեն:

Արմինեն իր արտաքին տեսքի վրա ոչ մի փոփոխություն չի արել, սակայն անկեղծացավ, որ կոմպլեքսներ է ունեցել ու եղել է պահ՝ ցանկացել է գնալ այդ քայլին: «Բայց հասկացել եմ, որ ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, չեմ ուզում փոխվել: Ես սիրում եմ ինձ»,- հավելեց նա:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու կամ մոդելային կարիերայի մասին 23-ամյա Արմինեն չի էլ մտածել և շատ պատահական է հայտնվել այդ ցուցադրությանը: Աղջիկը գարնանը մեկնել է Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել: Նա Արմինեին նկարել է, և կոնտակտներով փոխանակվել են: Ավելի ուշ գրել է, որ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և իրեն ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ ու հրավիրել «գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

13250 | 0
Facebook