Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Օտարերկրյա զբոսաշրջիկները Տավուշում թունավորվել են սնկից. նախարարությունն զգուշացնում է

22:55, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2019 թ.
Օտարերկրյա զբոսաշրջիկները Տավուշում թունավորվել են սնկից. նախարարությունն զգուշացնում է

Այսօր Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացի՝ հետևյալ ախտանշաններով՝ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն:

Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է «էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Հիվանդներն ավելի ուշ տեղափոխվե են Երևան՝ բուժումը շարունակելու համար:

Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
     *սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
     *չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
     *ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել,
     *չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
     *սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները,
     *չուտել հում սունկ,
     *երեխաներին չկերակրել սնկով,
     *աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
     *սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
     *թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
     *չզբաղվել ինքնաբուժմամբ։

8764 | 0
Facebook