Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրենքն այն մասին է, որ կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և ուղեկցել ՔԿՀ». Նաիրա Զոհրաբյան

15:20, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Օրենքն այն մասին է, որ կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և ուղեկցել ՔԿՀ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա:

Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո, առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել և ինչպես երեկ արել է մի դեռևս անհայտ անասուն` կրակել սև արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունը մեկ շաբաթ առաջ կրակել էր այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ: Եվ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկացին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր և իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա:

Ի դեպ, բացառիկ Սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթև, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռևս գործող` «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով մի թեթև տուգանքի կենթարկեն` մինչև խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը»:

4664 | 0
Facebook