Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել». Խոսրով Հարությունյան

12:25, կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.
«Տարակուսելի է, որ երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել». Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք պաշտոնանկությունը և պաշտոնից հրաժարական տալը իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ հասկացություններ են:

Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը՝ Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետևյալ կերպ՝ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Այսինքն՝ ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է. բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարևոր է պաշտոնանկության թե հարաժարականի արդյունքում:

Բայց արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև:

Արդյոք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ են:

Անշուշտ ո՛չ և առնվազն տարակուսելի է, որ Երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:

Նախ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:

Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործունեությունը համարվում է անհանդուրժելի:

Մինչդեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայաացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:

Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպատակահարմար:

Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսևորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաական:

Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է և նա է կրում այդ քայլի իրավական և քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է և վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական և թե՛ քաղաքական հետևանքների պատասխանատվությունը:

Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին»:

6241 | 0
Facebook