Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել

16:20, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած:
     Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն և ռևանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:

Ամբողջ պետական կառավարման համակարգն արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից և զտել հակապետական ու կոռումպացված կադրերից, համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին և ենթարկեցնել քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության:
     Խիստ մտահոգիչ է վիճակը նաև մյուս բոլոր ոլորտներում: Մեր ազգի և պետության առջև ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն և համաձայնեցված քայլերով երկրում ձևավորեն ճգնաժամի հաղթահարման և հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:
     Ազգային անվտանգության ապահովման և պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:
     Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝
     1) համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը,
     2) անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,
     3) ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,
     4) ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց»:

15669 | 0
Facebook