Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

13:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։
     Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բևեռացումը։
     Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։
     «Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։
     Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։
     Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։
     «Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։
     Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։
     Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։
     Քաղաքական և հասարակական կյանքում մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականտատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։
     Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ,որը խարսխվում է յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սևի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջև ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։
     Շոուների հաղթարշավը հասել է բանակ։
     Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։
     Հակառակորդի կողմից ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։
     Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է: Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության և անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը ։
     Թեպետ ուշացած,բայց միևնույն է՝ եղան ։
     Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ ովքեր արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։
     Պետության առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։
     Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետևողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։
     Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար։
     Իսկ շինծու գործերով ու շոուներով ուղեկցվող «ուղեղների լվացումը» օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել ևս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները ։
     Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում և ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որևէ հեռանկար։
     Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը և դրանում կհամոզվեք ինքներդ:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակ

| | |
18665 | 0
Facebook
COMMENT.am