Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստը հրավիրել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից հետո. «Ժամանակ»

09:50, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստը հրավիրել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից հետո. «Ժամանակ»

«Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակետում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարևան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխավոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկե, հսկայական ճյուղավորումներ ունեցող թեմա է, այդ թվում՝ դեպի Կովկաս: Անկարայում տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովից հետո կողմերի հայտարարությունները ընդհանուր խոսում են դրական տոնայնության մասին, թեև դա ամենևին փաստ չի դարձնում այն, որ հանդիպումը անցել է առանց փոխադարձ անհամաձայնությունների:

Ավելին` խոշոր հաշվով, եռակողմ այդ ֆորմատը, որ գալիս է դեռևս Աստանայից, թերևս, ավելի շատ անհամաձայնությունների կառավարման, քան շահերի զգալի ներդաշնակության ֆորմատ է: Անշուշտ, կարծել, որ այդ մեկ հանդիպումը վճռորոշ էր լինելու Սիրիայի կամ Կովկասի համար, իհարկե, միամտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ հանգրվանում են կանգ առել կողմերը Անկարայում: Առավել ևս նկատի առնելով այն, որ հաջորդ «կանգառը» լինելու է Երևանը:

Համենայնդեպս, սպասվում է, որ հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի առիթով Երևանում կլինեն Պուտինն ու Ռոհանին: Կկրի այդ այցը Անկարայում եռակողմ հանդիպման ազդեցություն, թե ոչ, ասելը, իհարկե, չափազանց դժվար է: Միևնույն ժամանակ անկասկած է, որ համատեղ Երևանում գտնվելու հրավերն ընդունելու պարագայում, Ռուսաստանի և Իրանի նախագահներն առնվազն զուտ ֆորմալ, արարողակարգային տեսանկյունից երևանյան հավաքին տալիս են որոշակի նշանակություն: Այլ հարց է, թե այդ նշանակությունն ինչպես են օգտագործելու հետագայում թե՛ Մոսկվան ու Թեհրանը, և թե Երևանը:

Հատկանշական է նաև այն, որ երևանյան հավաքը տեղի է ունենալու ԱՄՆ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցից հետո՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով: Ամերիկյան հանդիպումների պաշտոնական, այսպես ասած, ցանկը կամ ժամանակացույցը քաղաքական առումով տպավորիչ չէ, սակայն, իհարկե, պետք չէ բացառել ոչ ֆորմալ շփումներ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին կարող են ազդեցություն թողնել ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի և Ռոհանիի այցը կազմակերպած Երևանի օրակարգի վրա:

Առավել ևս, որ ԱՄՆ-ում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թեև կոնկրետ պայմանավորվածության մասին՝ տեղի և օրվա առումով, հայտնի չէ: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ և հայտարարել, որ ընդհանուր անվտանգային միջավայրը կանխատեսելիի շրջանակում է և այնպիսին է, ինչպիսին դիտարկել է Երևանը: Իհարկե, ԱԽ նիստը կարող էր պայմանավորված լինել ԱԱԾ պետի աղմկոտ պաշտոնանկությամբ, սակայն մյուս կողմից պետք է նկատել նաև, որ Երևանում այն փաստացի հաջորդել էր նաև Էրդողան-Պուտին-Ռոհանի թուրքական հանդիպմանը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4884 | 0
Facebook