Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. հայտնի է այցի օրակարգը

11:35, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. հայտնի է այցի օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:

3602 | 0
Facebook