Մանրամասներ՝ կնոջը և հարևանին դանակահարելու դեպքի վերաբերյալ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը խմած դանակով հարվածել է իրեն և ինքը արնաքամ է լինում: Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակչուհի՝ «կրծքավանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք» միջին ծանրության վնասվածքով, և 44-ամյա տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում, հեմոթորաքս ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճարպոնի արտանկումով» ծանր վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող: Նախնական տվյալներով՝ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել է: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: |