Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել

14:40, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Սասնա Ծռեր»-ը հաղորդագրություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությունը. համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին.

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ`

1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է դրան,
     2) այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանությունը, նույնիսկ յուրային ժողովրդին մոլորեցնելու և օրենքի պահանջները անտեսելու գնով համառորեն փորձում է ապահովել հանքի շահագործումը: Նման իրավիճակում ելքը մեկն է` իշխանության վրա գործադրել նրա համար անհաղթահարելի հանրային ճնշում, որպեսզի նա ստիպված հետ կանգնի իր մտադրությունից և`

1) բացահայտի Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրման կոռուպցիոն շղթան ու շահագործող ընկերության կատարած խախտումները, պատասխանատվության կանչի մեղավորներին և արգելի հանքի շահագործումը,

2) վերջապես նկատի ունենա, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը և, երկիրը թունավոր անապատի վերածելու միջոցով հեշտ շահույթ ստանալուն և կոռուպցիոն շահերը բավարարելուն միտված նախկին հանցավոր ռեժիմի արատավոր և ապազգային քաղաքականությունը շարունակելու փոխարեն անհապաղ ձեռնամուխ լինի տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությանը՝ հանքարդյունաբերության ասպարեզում առնվազն սահմանելով հետևյալ գերակայությունները.

- բացառել նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործումը,

- սահմանել բնապահպանական միջազգային բարձր նորմեր ու չափանիշներ և դրանց համապատասխան գույքագրել առկա հանքարդյունաբերությունը,

- դադարեցնել օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերությունը,

- աստիճանաբար սահմանափակել տնտեսության մեջ մնացյալ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և դրա տնտեսական արդյունքն էապես մեծացնել ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն: Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում: Բոլոր մտահոգ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին, հայտնի գործիչներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին ու արտերկրի հայությանը կոչ ենք անում միանալ և աջակցել Ամուլսարի պայքարին: Հանուն Ամուլսարի և Հայաստանի ապագայի մղվող պայքարի հաղթանակի համար կարևոր նշանակություն ունի ս.թ. սեպտեմբերի 20-ի երթը:
     Կոչ ենք անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և ակտիվ կերպով մասնակցել երթին:

Մենք ենք տերը մեր երկրի»:

6274 | 1
Facebook