Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Շրջակա միջավայրի նախարարը՝ Ամուլսարի խնդրի, նոր ՇՄԱԳ-ի և բողոքի ակցիաների մասին

23:45, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
Շրջակա միջավայրի նախարարը՝ Ամուլսարի խնդրի, նոր ՇՄԱԳ-ի և բողոքի ակցիաների մասին

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Ամուլսարի հարցով վարչապետի հանձնարարականի շրջանակներում նախարարության ուսումնասիրությունը նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ էր։

«Ուսումնասիրություններն արել ենք, նաև ներգրավել ենք լիազոր մարմինների ներկայացուցիչներին, վերլուծություններ ենք արել և այդ փաթեթը, որն առնչվում էր նախագծի փոփոխության դեպքում նոր ՇՄԱԳ-ի կամ նախագծի փոփոխությանը, այդ մասով գրություն ենք գրել վարչապետին, որ ստուգումներ սկսվեն»,- ասել է Է. Գրիգորյանը:

Հարցին, թե եթե կասկածները հաստատվեն նոր ՇՄԱԳ կիրականցվի՞, նախարարը պատասխանել է. «Սցենարները մի քանիսն են, մեկը, որ խախտումներ չեն հայտնաբերվում կամ հայտնաբերվում է և տրվում է հանձնարարական դրանց վերաբերյալ, որոնք իրականացվում են, և երկու մնացած դեպքերը, որ եթե խախտումը նախագծային փոփոխություն է, ապա նոր ՇՄԱԳ պետք է լինի, եթե սահմանված ժամանակահատվածում խախտումը չի վերացվել, ապա կրկին՝ նոր ՇՄԱԳ: Ընդհանրապես, որևէ ուսումնասիրությունից, որևէ փաստաթղթից հետո հնարավոր չէ, որ նախարարը վերցնի և ստորագրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու որոշում, քանի որ կա հստակ օրենք ու կարգավորում։ Պետք է մի մասով տեսչական մարմինն ուսումնասիրի և տա եզրակացություն, իսկ մյուս մասով քրեական գործն է, որը չի դադարել։ Քննչական կոմիտե ևս ուղարկել ենք մեր ուսումնասիրությունները»։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների ակցիաներին, նախարարն ասել է. «Ճանապարհները փակելու գործընթացն ինքնին այս գործընթացից ավելի դուրս է, ճանապարհները փակելը որևէ կերպ ՀՀ-ին չի ուժեղացնում այդ մնացած աշխատանքներն իրականացնելու համար, որովհետև ստուգումը պետք է հստակ իրականացվի, ելակետային տվյալները պետք է ուսումնասիրվեն, ու նաև ասեմ, որ խոսքը չի վերաբերում միայն այս հանքին, այլ՝ ոլորտին։ Այդ ճանապարհները փակ լինելու փաստն ինքնին խոցելի է դարձնում Հայաստանին: Մեղադրանքներ են հնչում, որ կառավարությունը չի ապահովում այն իրավունքները, որոնք ունեն տնտեսվարողները։ Ուզում եմ հստակեցնել, որ այն աշխատանքները, որոնք պետք է անի կառավարությունը, նաև հիմնվելով «ԷԼԱՐԴ»-ի հետազոտությունների վրա, դա այսպես, թե այնպես պետք է արվի, որ գտնենք, թե որտեղ է ճշմարտությունը և դա արվում է Քննչական կոմիտեի միջոցով, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում»։

Մանրամասները` տեսանյութում:

4100 | 1
Facebook