Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք վաղը մյուս օրը դառնաք վարչապետ, ինքներդ եք սահմանափակված լինելու օրենսդրությամբ». Տարոն Սիմոնյան

16:15, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Եթե դուք վաղը մյուս օրը դառնաք վարչապետ, ինքներդ եք սահմանափակված լինելու օրենսդրությամբ». Տարոն Սիմոնյան

«Քանի որ ներքին ինֆորմացիա ավելի քիչ կարող եմ իմանալ, քան ինքը՝ կառավարությունը, բնականաբար կառավարությունն ինքը կարող է փաստարկներն ավելի լավ ներկայացնել: Բայց այն, ինչ մենք տեսնում ենք այսօր որպես քաղաքական վերահսկողություն իրրականացնող մարմին, միանշանակ փաստում ենք, որ խորը և հիմնարար փոփոխությունների է ենթակա և՛ ազգային անվտանգության համակարգը, և՛ ոստիկանությունը:Եթե դուք վաղը մյուս օրը դառնաք վարչապետ, ինքներդ եք սահմանափակված լինելու օրենսդրությամբ, որովհետև բավականին լուրջ խնդրի առջև ենք կանգնել՝ վերափոխել անվտանգության համակարգը»:

ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ իր գործըկերոջ՝ Արման Բաբաջանյանի այն հարցին ի պատասխան, թե կարելի՞ է ենթադրել, որ կան փաստարկված տեղեկություններ, որ այսօր և՛ ազգային անվտանգության ծառայությունում, և՛ ոստիկանությունում գործող կարգը չի բավարարում համակարգին, և այն անհրաժեշտ է փոխել:

Իսկ փոփոխությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած այն նախագիծն է, որով առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում և նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

Ներկա օրենսդրությամբ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում, իսկ ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Ըստ նախագծի հեղինակների՝ ստացվում է, որ այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչն անընդունելի է:

«Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց, թե դրանով քաղաքականացնում ենք այդ պաշտոնները, և հնարավոր է, որ հետագայում իշխող ուժի ճաշակով պայմանավորված նման ուժային կառույցներ ունենանք, մինչդեռ ԱԱԾ մարմինները պետք է անկախություն ունենան: «Եթե այդ նախագիծը ներկայացներ իշխող քաղաքական ուժը ներկայացներ, ինչպե՞ս կվերաբերվեիք».-հարցրեց Ա. Հովհաննիսյանը:

Տ. Սիմոնյանն ասաց, որ ինքը դրական կարձագանքեր, եթե նման առաջարկությամբ հանդես գար իշխանական խմբակցությունը, որովհետև առաջարկն ինստիտուցիոնալ է: «Այդ առումով հավասար վերաբերմունք պետք է արտահայտենք բոլոր ուժային կառույցների նկատմամբ: Ունենք ՊՆ, որն անկախ է, քաղաքական գործընթացներին չի մասնակցում, ունի քաղաքական պատասխանատու անձ, որը նախարարն է, բայց մնացած կառույցները, որ նույն տրամաբանության մեջ են, նման պատասխանատու անձ չունեն» -հիմնավորեց պատգամավորը:

2878 | 0
Facebook