Արթուր Դավթյանը «պահում է» իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը. «Հրապարակ»
«Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացնում է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակում զինդատախազի տեղակալ, Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարիտիրոսյանին, «որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է»։ Վ. Մուրադյանը կրկին դիմում է դատարան` արդեն վիճարկելով և՛ իր ազատումը, և՛ Լոռու դատախազի նշանակումը. դատարանը երկու գործն էլ վարույթ է ընդունում և կասեցնում դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չի կատարում։ Ավելին՝ դատախազության մեր աղբյուրը հայտնեց՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում` կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»: Մեզ հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է: «Քանի որ դատարանը երկու հայցերն էլ վարույթ է ընդունել, դրանք օրենքի ուժով կասեցվում են, դա հստակ պահանջ է՝ մինչև դատաքննության ավարտը, դատարանն էլ որոշում ունի։ Այդ որոշումն էլ հասանելի է և ինձ, և ղեկավարությանը։ Ես այդ որոշումն ուղարկել եմ, միջնորդել եմ, որպեսզի կասեցնեն, սակայն մինչ օրս դեռևս պատասխան չունենք։ Մարտիրոսյանը գնում է, գործով զբաղվում է, և, ըստ իս, անթույլատրելի է։ Անմիջապես պետք է կասեցվի պաշտոնավարումը․․․:Դուրս է գալիս, որ կասեցված վիճակում ես պիտի գործի չգնամ և գումար ստանա՞մ։ Արսեն Մարտիրոսյանը մինչև հիմա էնտեղ ապօրինի է աշխատում, փաստաթղթեր է ստորագրում։ Ես գնում եմ աշխատանքի, բայց որևիցե դատավարական գործողություններ չեմ կատարում, որևէ բան ինձ չի մակագրվում»,-ասում է նա։ Դատախազությունից էլ թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, հրաժարվեցին պարզաբանում տալ, քանի որ փոխանցեցին միայն «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» հերթապահ նախադասությունը։ Հիշեցնենք, որ մեկ հայցը Մուրադյանը ներկայացրել է օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Երկրորդ հայցով էլ Մուրադյանը պահանջում է Արսեն Մարտիրոսյանին ՀԿԳ վարչության պետ նշանակելու հրամանը վերացնել»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |